2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ»

«ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ»
27.09.2011 | 00:00

Օրերս մամուլը հաղորդագրություն տարածեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահսկելու է սոցիալական ցանցերը՝ Թունիսի և Եգիպտոսի սցենարով անկարգությունների կրկնությունը կանխելու համար: Բանն այն է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն են տալիս ապակայունացնելու իրադրությունը ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում: Ընդ որում, խոսքը գրաքննության, այլակարծության դեմ պայքարի մասին չէ, խնդիրը նոր հեղափոխությունների կանխումն է, և այդ ուղղությամբ աշխատում են ՀԱՊԿ բարձրակարգ փորձագետներ:
Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ. կիրառվող նոր տեխնոլոգիաներն ի՞նչ անդրադարձ կունենան հայաստանյան իրականության վրա։ Այս հարցն ուղղեցինք «P-Art» ընկերության զարգացման գծով տնօրեն ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։

-Սոցիալական ցանցերը մեծ նշանակություն ունեն ավտորիտար կամ տոտալիտար երկրներում, որտեղ այլընտրանքային լրատվամիջոցներ չկան։ Այդ դեպքում սոցիալական ցանցերը, իհարկե, փրկություն են և ռեալ աշխատող մեխանիզմ։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում որպես այլընտրանքային լրատվամիջոց ծառայում է տպագիր մամուլը։ Ես նույնիսկ կասեի, որ տպագիր մամուլի 70-80 տոկոսը հակված է դեպի ընդդիմություն կամ պատկանում է ընդդիմությանը։ Գուցե այն պատճառով, որ իշխանությունը ժամանակի ընթացքում սկսեց թերագնահատել տպագիր մամուլի դերը՝ կապված վերջիններիս տպաքանակի հետ։ Տպագիր մամուլը վերածվել է հաղորդագրություններ տարածող լրատվամիջոցի։ Բոլորը գիտեն, թե ում է պատկանում այս կամ այն թերթը, և որոշակի քաղաքական կամ տնտեսական խմբի ասելիքն արտացոլվում է տվյալ լրատվամիջոցում։ Այսօր քաղաքական շրջանակները, վերլուծաբանները, տնտեսական, օլիգարխիկ շրջանակները թերթեր հիմնականում կարդում են զուտ նրա համար, որպեսզի շոշափեն այս կամ այն շրջանակների տրամադրությունները։ Այնպես որ, Հայաստանում այլընտրանքային լրատվամիջոցներ կան։ Միաժամանակ Հայաստանում նույնպես բավականին մեծ տարածում ունեն սոցցանցերը։ Եթե տարվա սկզբին մոտ 120000 մարդ էր գրանցված Facebook-ում, ապա վերջին տվյալներով՝ մոտ 225000։ Ակնհայտ է, որ դա ահռելի լսարան է։ Իհարկե, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվել են աշխարհում, մեզ մոտ էլ օգտագործվելու են և արդեն օգտագործվում են։ Ես նկատել եմ, որ շատ վաղուց արդեն ստեղծվել են խմբեր, որոնք քարոզչական, քայքայիչ կոնկրետ նպատակներ են հետապնդում։ Եվ եթե համացանցային ռեսուրսներն ու սոցցանցերի ազդեցությունն այս տեմպերով աճեն, չեմ բացառում, որ արդեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանց ազդեցությունը համադրելի է լինելու որոշ հեռուստաընկերությունների ազդեցությանը։
-Եթե մյուս լրատվամիջոցներն ինչ-որ չափով վերահսկելի են, ապա համացանցը գործնականում վերահսկել անհնար է։ Թերևս միակ ելքն ինտերնետը փակելն է։
-Ինտերնետը փակելու փորձ, եթե հիշում եք, արվեց 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, փակվեցին որոշ կայքեր, բայց իշխանության կողմից այդ անխոհեմ միջոցառման շնորհիվ հակառակ արդյունքը ստացվեց. շատ-շատ մարդիկ առաջին անգամ շփվեցին համացանցի հետ և իմացան՝ ինչ բան է ինտերնետը։ Ի դեպ, շնորհիվ դրա, մասսայականացվեցին տեղեկատվական տեխնոլոգիաները և նպաստեցին դրանց զարգացմանը։ Բարձր տեխնոլոգիաների դարում շատ դժվար է նման բաների նկատմամբ սահմանափակումներ դնել։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ.- Վիգեն Հակոբյանի հետ զրույցն աշխարհաքաղաքական զարգացումների և Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 30-ի համարում։

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ